Ցավակցագիր` Մաքսիմ Պատրիարքի մահվան առիթով
Նոյեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևորականությանը և բարեպաշտ ժողովրդին Բուլղարիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մաքսիմ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Հայրապետական ցավակցագրում ասվում է. «Երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքը մեծ նվիրումով և նախանձախնդրությամբ է հովվել Բուլղարիայի ուղղափառ քրիստոնյաներին: Նրա ջանքերի շնորհիվ Ուղղափառ Եկեղեցին նշանակալի առաջընթաց արձանագրեց Բուլղարիայում հոգևոր կյանքի զարգացման և վերարթնացման գործում: Իբրև ճշմարիտ հովիվ Մաքսիմ Պատրիարքը նաև ուժեղ կամք դրսևորեց` պահպանելու Եկեղեցու ուժն ու միությունը: Մենք ճանաչում էինք նրան իբրև խորը հոգևոր նկարագրի տեր անձի:
…Մենք պիտի հիշենք մեր աղոթքներում հանգուցյալ Պատրիարքին և հայցենք Ատծուն` ընդունելու երջանկահիշատակ Մաքսիմ Պատրիարքի հոգին Իր Երկնային Արքայության մեջ»:
Նոյեմբերի 9-ին Մաքսիմ Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը: